National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.10.2022
ԿԸՀ անդամների թեկնածուներ են առաջադրվել Սիլվա Մարկոսյանը, Արմեն Սմբատյանը եւ Արուսյակ Տերչանյանը
1 / 7

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոններում ընտրելու համար առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի եւ Արուսյակ Տերչանյանի թեկնածությունները: 

Հոկտեմբերի 7-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուների ընտրության հարցը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից Սիլվա Մարկոսյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Արմեն Սմբատյանին ներկայացրել է պատգամավոր Տրդատ Սարգսյանը, իսկ Արուսյակ Տերչանյանին՝ Վիգեն Խաչատրյանը:

«Ընտրությունների ժամանակ ամենակարեւորը հանրային վստահության բարձրացումն է, իսկ դրա համար կարեւոր է հանրային իրազեկումը»,- նշել է Սիլվա Մարկոսյանը: Ըստ թեկնածուի՝ ընտրությունների հրապարակայնության եւ թափանցիկության, ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության, ընտրողների իրազեկման բարձրացման ուղղությամբ ԿԸՀ-ն հանրային իրազեկումը դիտարկում է որպես ընտրական վարչարարության կարեւոր տարր եւ ձեռնարկում է բազմաթիվ միջոցառումներ ընտրողների իրազեկման մակարդակի բարձրացման ուղղությամբ: Վերջինների դեպքում Սիլվա Մարկոսյանը կարեւորել է ընտրությունների ավտոմատացված համակարգի ներդրումը, ինչպես նաեւ ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների անցկացումը: Թեկնածուն ընդգծել է, որ ընտրությունների նկատմամբ վստահության բարձրացման նպատակով պետք է հասնել այն ընկալմանը, որ ընտրական գործընթացի մասնակից կողմերը միմյանց ընկալեն որպես իրական գործընկերներ, մրցակիցներ, այլ ոչ թե հակառակորդներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածու Արմեն Սմբատյանը նշել է, որ ընտրությունները պետության ամենամասշտաբային միջոցառումներն են, որոնցում առանցքային դերակատարում ունի ԿԸՀ-ն: «Ընտրական մարմինների վարկանիշի բարձրացումը բոլորի շահերից է բխում, որովհետեւ, եթե չենք անում, մի օր ստանում ենք չարածի պատասխանը: Եթե պետությունն ու հասարակությունը ցանկանում են հայելու մեջ նայել, ապա կազմակերպում են ընտրություններ: Ընտրական համակարգն այդ հայելին է: Որքան մաքուր է, այդքան ճիշտ կնայենք դրա մեջ: ԿԸՀ կազմն ունակ է այդ բեռը վերցնելու, ես էլ պատրաստ եմ իմ փորձով ծառայելու»,- ասել է Արմեն Սմբատյանը:

Հաջորդ թեկնածուն՝ Արուսյակ Տերչանյանը, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի վերջին բարեփոխումներին, դրանց արդյունավետությանը, մասնավորապես, ներառական ընտրություններին եւ դրա մատչելիության բաղադրիչին՝ նշել է, որ 2021 թ. Ընտրական օրենսգրքի առանցքային փոփոխություններից մեկն ԱԺ ընտրակարգում անցումն էր պարզ համամասնական ընտրակարգի: Այս փոփոխությունը, ըստ թեկնածուի, էական ազդեցություն ունեցավ քվեարկության գործընթացն ավելի մատչելի դարձնելուն, ինչպես նաեւ ընտրողների կամակատարումն ավելի ճիշտ ամրագրելու առումով: Արուսյակ Տերչանյանի խոսքով՝ նոր ընտրակարգով հնարավոր դարձավ քվեարկությունը կազմակերպել առանձին քվեաթերթիկներով, իսկ տարածքային ցուցակների վերացումը հնարավոր դարձրեց քվեարկությունը՝ առանց գրիչի օգտագործման: Որպես դրական ձեռքբերում՝ թեկնածուն մատնանշել է, որ նոր ընտրական համակարգի անցումն էականորեն նվազեցրել է անվավեր քվեաթերթիկների թիվը:

Թեկնածուները պատասխանել են պատգամավորների հարցերին, մասնավորապես, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացմանը վերաբերող խնդիրներին:

«Լիահույս եմ, որ այս կազմով, եւ ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ, ԿԸՀ-ն կհաջողի, կշարունակի համագործակցել ԱԺ-ի հետ՝ բարեփոխելով ընտրական այն գործընթացները, որոնք դեռեւս չեն ապահովում լիարժեք մրցակցային ազատ եւ հավասար ընտրություններ»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը՝ իր ելույթում նշելով, որ Ընտրական օրենսգրքի 2020-2021թթ. փոփոխությունները, իսկապես, բարեփոխումներ էին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ իրենք կողմ են քվեարկելու հանձնաժողովի նախագահի եւ բոլոր անդամների թեկնածություններին: «Մեզ համար չափազանց կարեւոր է ԿԸՀ բնականոն գործունեության շարունակականության ապահովումը, Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների եւ ընդհանրապես ժողովրդավարության ավանդույթի կատարելագործումն ու զարգացումը: Մենք այս խորհրդարանը համարում ենք ժողովրդավարության միջնաբերդը: Նախորդ տարի պատերազմի ծանր հետեւանքներից հետո իրականացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ արձանագրվեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը եւ ընտրությունները կարող են լինել ոչ թե ներքաղաքական ճգնաժամեր հարուցելու, այլեւ ներքաղաքական ճգնաժամեր հաղթահարելու հնարավորություններ: Եվ դրանով մենք ապացուցեցինք, որ ժողովրդավարությունը կարող է լինել, մասնավորապես, արտաքին անվտանգության երաշխավոր: Ժողովրդավարական պետությունը Հայաստանի համար անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկն է: Ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման եւ իրականացման գլխավոր առհավատչյան իշխանության քաղաքական կամքն է: Մենք հավատում ենք, որ ԿԸՀ նոր ձեւավորվելիք կազմն իր դիրքում՝ իբրեւ ժողովրդավարության, անվտանգության դիրքապահ կկատարի իր կարեւորագույն առաքելությունը»,-եզրափակել է խմբակցության ղեկավարը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am